Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Վերջերս Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է հայ համայնքի հետ: Հրապարակված ձայնագրությամբ պարզվեց, որ երբ հարցրել են՝ ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը ՄՄ-ին անդամագրվելուց առաջ, պատասխանել է, մասնավորապես, ես չէի կարող մեկ գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի, թե ինչ գիշերվա մասին է խոսքը և կներկայացնեի՞ք արդյոք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը»,- հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ. «Գիտեմ, որ կասեք Հայաստանն ունի վետոյի իրավունք: Բայց նախորդ հայտարարությունները մի փոքր կասկածի տակ են դրվում այդ վետոյի իրացվելիությունը, որովհետև եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի, մի գիշերվա մեջ էլ այդ վետոն չենք կիրառի»
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ երբևիցե մի գիշերվա ընթացքում լուրջ որոշումներ չի կայացվել: Այդ պրոցեսը տևել է տարիներ, ինքն էլ անձամբ ներկա է եղել այդ բանակցություններին, քննարկումներին: