ԱՄՆ-ի գլխավոր բուհերից մեկը՝ Հարվարդի համալսարանը, «Տարվա հումանիստը» մրցանակը հանձնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Միավորված ազգերի վարչական ղեկավարը հայտարարել Է, որ պատվավոր պարգեւն ընդունում Է համաշխարհային կազմակերպության ու նրա բոլոր աշխատակիցների անունից:
«Ես գիտեմ, որ, ինձ շնորհելով «Տարվա հումանիստը» մրցանակը, Հարվարդի հիմնադրամը նաեւ պատշաճն Է մատուցում ՄԱԿ-ի աշխատանքին ու, նախեւառաջ, հազարավոր հումանիտար աշխատակիցներին, իրավապաշտպաններին, նրանց, ովքեր ներգրավված են Էբոլա վիրուսին հակազդելու ջանքերում, ինչպես նաեւ այլ մարդկանց, ովքեր իրագործում են կազմակերպության իդեալները»,-ասել Է Պան Գի Մունը:
Պան Գի Մունը, որը Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման Հարվարդի ինստիտուտի շրջանավարտ Է, դարձել Է ՄԱԿ-ի չորրորդ անընդմեջ գլխավոր քարտուղարը, ով արժանացել Է պատվավոր մրցանակին, որն ամեն տարի հանձնվում Է ամերիկյան բուհի հիմնադրամի կողմից: 1985 թվականին մրցանակը շնորհվել Էր պերուացի Խավիեր Պերես դե Կուելյարին, 1994 թվականին եգիպտոսցի Բուտրոս Ղալիին, իսկ 1998-ին՝ գանացի Քոֆի Անանին:
Տարբեր տարիների «Տարվա հումանիստը» կոչումը շնորհվել Է Հորդանանի Նուր ալ Հուսեյն թագավորին, արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին, ամերիկացի դիզայներ Թոնի Հիլֆիգերին, փոփ երաժիշտ Լայոնել Ռիչիին, դերասանուհի Շերոն Սթոունին: Անցյալ տարի մրցանակը հանձնվել Էր պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: