Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի «Rossiya-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգի, երկրում արմատական միտումների տարածման մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը ուշադրություն է հրավիրել ահաբեկչության եւ արմատականության դեմ պայքարում կրթության լուրջ դերակատարության մասին Ալիեւի արած արտահայտության վրա:

 

«Ադրբեջանն աշխարհիկ հասարակություն ունեցող երկիր է, կրթությունը բարձր մակարդակի հասցրած ժամանակակից պետություն է: Կրթությունը արմատականության դեմ գլխավոր երաշխիքն է: Հարյուր տոկոս կրթվածություն ունեցող երկրում, կիրթ հասարակության ներսում պոտենցիալ վտանգ չի կարող լինել», -ասել է Ալիեւը' ակնարկելով Ադրբեջանում կրթության «բարձր մակարդակի» վրա գտնվելը:

 

Թերթը գրում է, որ սակայն, պետության ղեկավարի այս կարծիքը ոչ միայն իրական փաստ չէ, այլեւ չի հաստատում անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: Վերջերս անցկացրած մի խորհրդակցության ժամանակ Մեհտիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան վերածվել է շուկայի:

 

Ադրբեջանի նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի 15-ամյա տարելիցի հոբելյանին Մեհտիեւը ներկաների ուշադրությունը հրավիրել էր հենց կրթության խնդիրներին, Ադրբեջանում անգրագիտության մասշտաբին:

 

«Պետք է խոստովանել, որ ե՛ւ նախագահի աշխատակազմը, ե՛ւ նախարարությունները, ինչպես նաեւ տեղական իշխանության կառույցներն այսօր կանգնած են լուրջ կադրային ճգնաժամի խնդրի առաջ: Մենք բոլորս կարիք ունենք արդի կառավարման նրբություններին ծանոթ պատրաստի կադրերի, եւ պետք է խոստովանենք, որ դժվարություն ունենք բարձր պահանջների համապատասխանող կադրեր գտնելու մեջ: Խորհրդային շրջանում այս հետազոտական կենտրոնում ավելի խելամիտ աշխատանքներ էին կատարվում», -ասել էր նա: Ռամիզ Մեհտիեւը դրանով խոստովանել էր, որ այսօր Ադրբեջանում կրթության մակարդակը հետ է մնում խորհրդային շրջանում եղածից:

 

Թերթը գրում է, որ Ադրբեջանում կրթության մակարդակի շարունակական անկումը հաստատվում է նաեւ ամեն տարի միջնակարգ դպրոցների ավարտական եւ բարձրագույն դպրոցների ընդունելության քննությունների արդյունքներով: Այս տարի միայն Բաքվում 9-11-րդ դասարաններում անցկացված քննությունների արդյունքներով 89748 աշակերտ «3», 50472 աշակերտ էլ «2» գնահատական էին ստացել:

 

Թերթը նշում է, որ Ադրբեջանում ընդունելության քննությունների ժամանակ ամեն տարի անցողիկ միավորների իջեցումը, միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով ավարտածների բարձրագույն դպրոցում քննությունից 0-100 միավոր հավաքելը խոսում է երկրում կրթությունն աղետալի մակարդակի վրա գտնվելու մասին:

 

«Կրթության նման ցավալի վիճակ ունեցող երկրի որեւէ սպառնալիքի, ահաբեկչության դեմ պայքար տանելու ուժ չունենալու մասին հաստատում է նաեւ Ադրբեջանի ղեկավարն' ինքը: Լավ կլիներ, որ արմատականության դեմ կրթության գլխավոր երաշխիք լինելու մասին խոսող Իլհամ Ալիեւը բացատրեր, թե այդ ինչ կրթությամբ պետք է պայքար տանի այդ սպառնալիքի դեմ», -հեգնում է թերթը: