Վրաստանը մերժել է դեպի Թբիլիսի ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության պարբերական չվերթներ իրականացնելու թույլտվությունը և կրճատել է «Աէրոֆլոտ» և «Սիբիր» ընկերությունների չվերթները՝ շաբաթական 14-ից հասցնելով 10-ի: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:

 

Դա արվել է ազգային փոխադրող Georgian Airways-ի շահերը պաշտպանելու համար, որը միայնակ մրցակցում է ռուսական խոշորագույն ավիաընկերությունների հետ:

 

Նման միջոցները ձեռնարկվել են երկրի քաղաքացիական ավիացիայի գործակալությունում՝ Georgian Airways-ի «կտրուկ պահանջի» հիման վրա: Նախարարությունից հավելել են, որ գործակալությունը նաև հրաժարվել է «Տրանսաէրո»-ին և «Գլոբուս»-ին («Սիբիր»-ի դուստր ընկերություն) տրամադրել «պարբերական չվերթների մշտական արտոնագիր»:

 

Անցյալ շաբաթ Georgian Airways-ը մեղադրել է «Աէրոֆլոտ»-ին Մոսկվայի և Թբիլիսիի միջև ավիատոմսերի գների արհեստական նվազման համար, ինչի հետևանքով վրացական ընկերության չվերթների ծանրաբեռնվածությունը կրճատվել է 60-70 տոկոսով: Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Իյասա Զաուտաշվիլին սպառնացել է դադարեցնել այդ ուղղությամբ չվերթները:

 

Թբիլիսիում աղբյուրների տվյալներով՝ վրացական ավիափոխադրողի օգտին խնդիրը լուծելու համար օգտագործվել են «հնարավոր բոլոր կապերը պատգամավորական շրջանակներում և անգամ՝ պատրիարքարանը»: