Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեն իրատեսական է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետակակն բյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ըստ ներկայացված հաշվարկների՝ անկախ արտաքին և ներքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:
Նա ընդգծեց, որ 2015թ. պետական բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը: «Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար:
2015թ.-ին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում առաջնորդվելու ենք հավասար պայմանների ապահովման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավել գործարար միջավայրը, ամրապնդել պետության ննկատմամբ գործարարների վստահությունը»,- ընդգծեց Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ վերը նշված նպատակներից բոլորը չէ, որ արտացոլվել են ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծում: «Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացված բյուջեում արդեն կարելի է տեսնել նոր քաղաքականուջթյան շեշտադրումների սկիզբ:
Մենք խնդիրներին նայում ենք ոչ թե առօրեկան շահերի, այլ տնտեսական հեռանկարի տեսակետից և հնարավորինս ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությանից»,- նշեց վարչապետը:
ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 46 պատգամավոր: