Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Տրաֆալգարյան հրապարակում վառվել են երկրի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի լույսերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Եղեւնու բարձրությունը 21 մետր է, այն զարդարում են 900 լուսադիոդային էներգախնայողական լամպեր: Տոնածառը Տրաֆալգարյան հրապարակում կանգնած կմնա մինչեւ հունվարի 6-ը՝ Աստվածահայտնության տոնը: Լույսերի վառման արարողությանը մասնակցել են Լոնդոնի փոխքաղաքագլուխ Վիկտորյա Բորվիկը, Լոնդոնի Վեստմինստերի կենտրոնական շրջանի լորդ-քաղաքագլուխ Օդրի Լյուիսը, Օսլոյի քաղաքագլուխ Սթիան Բերգեր Ռոսլանդը:

 

Ամեն տարի Սուրբ Ծննդի նախօրեին եղեւնին Լոնդոն է հասցվում Նորվեգիայի անտառներից: Այդ ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին: Նորվեգացիներն այդ կերպ շնորհակալություն են հայտնում բրիտանացիներին այն օգնության համար, որ նրանց ցուցաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նացիստական օկուպացման տարիներին Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ երկրի տարագրված կառավարությունն ապրել ու աշխատել են Լոնդոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: