Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված Ադրբեջանում դարձյալ իրարանցում է առաջացել: Այս անգամ այն առաջացրել է «եղբայրական» թուրքական «Սաբահ» թերթը' իր էջում տեղադրելով աշխարհի անկախ պետությունների քարտեզն ու ցանկը, որոնցում որպես անկախ պետություն է ներկայացրել նաև ԼՂՀ-ը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ լուրը Ադրբեջանում «լուրջ դժգոհության» պատճառ է դարձել. բողոքի մեծ ալիք են բարձրացրել պատգամավորներ, քաղաքագետներ, ոչ կառավարական կազմակերպություններ:

 

Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումը» «Սաբահ»-ի հրապարակման առնչությամբ հանդես է եկել բողոքի հայտարարությամբ, որում նշել է, որ «դա ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններին հարվածել ցանկացող ուժերին»: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը, Էլմիրա Ախունդովան հայտարարել են, որ «դա սպառնալիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» և «Սաբահ»-ից պահանջել «ներողություն» խնդրել «ադրբեջանական ժողովրդից»: Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ «Սաբահ»-ը զբաղված է Ադրբեջանի դեմ «սադրանքով»:

 

Ադրբեջանի միջազգային եվրասիական մամուլի հիմնադրամի կողմից այդ առնչությամբ տարածված հայտարարության մեջ էլ ասվում է, որ թուրքական մամուլում վերջին շրջանում սկսված այդ «վնասակար միտումը ղեկավարվում է մեկ կենտրոնից»: «Պատահական չէ, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հետ կապված Թուրքիայի CNN հեռուստաալիքի հաղորդավարը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել էր որպես անկախ պետություն: Թուրքիայի հեղինակավոր այդ մեդիա կառույցի կողմից նման արարքը Ադրբեջանի դեմ անհարգալից դրսևորում է»,- ասվում է հայտարարութ յան մեջ:

 

Ուշագրավ է, որ Ադրբեջանում բարձրացված այդ վայնասունից հետո «Սաբահ»-ի ղեկավարությունը կայքից հանել է անկախ պետությունների ցանկը, սակայն որևէ հայտարարություն չի արել: