Հայկական ուղղաթիռի խփելու պահը նկարահանած ադրբեջանցի զինծառայողը պատժվել է: Նրա հետ կապված լուրջ միջոցներ են ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգահլըն: «Սակայն, այնպիսի տեղեկություններ են լինում, որ մենք դա չենք կարող հրապարակել: Նման պահեր եղել են: Դրա համար էլ մեր կողմից ցանկանում ենք, որ նման պահերը ուշադրության առնվեն»,-ասել է Դերգահլըն:

 

Դերգահլըն այս հայտարարությունն արել է դեկտեմբերի 5-ին պետության ներկայացուցիչների եւ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության հարցի քննարկմանը պատգամավոր Ագիլ Աբբասի հարցին տված պատասխանում:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից հստակ երեւում է, որ ուղղաթիռը չի հատել այդ երկրի օդային սահմանը, այն խոցվել է թիկունքից:

 

Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հայտարարել է, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություներն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը նոյեմբերի 22-ին ստիպված դիմել են հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռ ի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանական բանակի կողմից կորուստներ չեն եղել: