Հաճախ ենք մենք' Հայաստանում բնակվող հայերս, քննադատում սփյուռքահայերին' նրանց մեղադրելով այն բանում, որ չեն ապրում իրենց երկրում: Բայց եկեք համաձայնվենք, որ Հայաստանում չբնակվող շատ ու շատ հայեր իրենց երկրի համար անում են ավելին, քան մի շարք տեղաբնակները:
Slaq.am-ը փորձեց վերլուծել և հասկանալ, թե ովքե՞ր են Հայաստանից դուրս ապրող ամենաազդեցիկ հայերը:
Ապրելով արտերկրում' նրանք իրենց գործունեությամբ հայանպաստ քաղաքականություն են իրականացնում և անհերքելի է իրենց ներդրումը մեր երկրի, հայրենակիցների աջակցման հարցում:
Մեր վերլուծությունների արդյունքում, Հայաստանի ամենաազդեցիկ հայերին բաժանել ենք երկու խմբի. նրանք, որոնց ծնողները արտերկիր են ներգաղթել Հայոց ցեղասպանությունից հետո և հաստատվել օտար երկրում, և մարդիկ, ովքեր արտերկիր են մեկնել Հայաստանի անկախացումից հետո:
Ամենաազդեցիկ հայերի թվում առաջին տեղը կարելի է շնորհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Նա մեծ հեղինակություն է վայելում ողջ աշխարհում և որպես հայ քիչ չէ նրա վաստակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: 1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009թ. մայիսի 5-ից' Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:
Գործարար Քըրք Քրքորյանը ևս ամենաազդեցիկ հայերի թվին է պատկանում: Աշխարհի ամենահարուստ հայը բազմիցս իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին: Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը, որից ուղղված գումարը հատկացվել է մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության և փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար:
Ամենաազդեցիկ հայերից է նաև Ջերարդ Գաֆեսճյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանի (ծնվ. 1925 թ.) բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թ-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» (ներդրվել է 50 մլն դոլար), 2002 թ-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները: Բացի այդ, նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է:
Ինչ խոսք, Ցեղասպանությունից հետո արտերկիր ներգաղթած հայերից չի կարելի չառանձնացնել Ալեք Մանուկյանին, Գալուստ Գյուլբենկյանին, ովքեր ևս շատ ազդեցիկ մեծ բարերարներ էին:
Հայաստանի անկախացումից ի վեր մեծ թվով հայեր մեկնեցին արտերկիր' բնակություն հաստատելու: Հիմնական մասը մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ռուսաստանում է կենտրոնացված ամենաազդեցիկ հայերի մեծամասնությունը: Նրանցից ամենաազդեցիկների թվին է դասվում Արա Աբրահամյանը, ով հանդիսանում է «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահը:
Արա Աբրահամյանը ամուր կապեր ունի Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ' այդ թվում ՌԴ առաջին դեմքի' նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս կապերը նա օգտագործում է ի նպաստ Հայաստանի' ուժեղացնելով հայկական գործոնը: Ռուսաստանի հայերի շրջանում Արա Աբրահամյանը մեծ հարգանք ու սեր է վայելում: Իր հզոր ազդեցությամբ նա կարողացել է համախմբել Ռուսաստանի հայկական համայնքը:
Հայաստանի ամենաազդեցիկ հայերից է Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերության նախագահը:
Ռուսաստանում բնակվող այս խոշոր գործարարը այնտեղ ստեղծել է հզոր հայկական իմպերիա և հայերին ապահովում է աշխատատեղերով: Բացի այդ, Սամվել Կարապետյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր Հայաստանում, Արցախում և Ջավախքում:
Ռուսաստանում բնակվող ամենաազդեցիկ հայերից կարելի է առանձնացնել նաև «Ռեսո Գարանտիա» ընկերության համասեփականատերեր եղբայրներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին, «Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար և հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովին, «Տրոյկա Դիալոգ» ընկերության Խորհրդի տնօրենն է և գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին, «Երևան պլազայի» սեփականատեր Գենադի Ստեփանյանին (ի դեպ, նա Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի հարսանիքի կնքահայրն է), «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին:
Ուսումնասիրելով Ռուսաստանում բնակվող հայերի ներքին դաշտը' Slaq.am-ը եկել է այն եզրակացության, որ այս ազդեցիկ մարդկանց կողքին բնակվում են նաև շատ ու շատ մեծահարուստներ, ովքեր հարգանք չեն վայելում հայերի շրջանում և շատ դեպքերում հայերի դեմ են գործունեություն ծավալում:
Մեր առաջիկա նյութերում մենք կներկայացնենք Ռուսաստանում տիրող հայկական միջավայրը: