Եվրամիությունը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս»-ը' հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:

 

Գործակալությունը նշում է, որ օրերս Անկարա կատարելիք այցին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆրեդերիկ Մոգերինին, եվրոպական քաղաքականության և բարի դրացիության գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը և մարդասիրական օգնության ու ճգնաժամերի կառավարման գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը կփորձեն Թուրքիայի իշխանություններին համոզել միանալ հակառուսաստանյան պատժամիջոցներին:

 

Այն դեպքում, եթե Անկարան հրաժարվի դա անել, պատվիրակությունը կջանա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հետ պայմանավորվել, որպեսզի այն չօգտագործի ԵՄ դեմ ՌԴ կողմից մտցված պատասխան պատժամիջոցները Ռուսաստան մթերքների լրացուցիչ մատակարարումների համար:

 

Եվրոպացի դիվանագետները Թուրքիա կժամանեն դեկտեմբերի 8-9-ին: Եվրահանձնաժողովի մամուլի տեղեկագրում նշվում է, որ այցը կոչված է ցուցադրելու Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների կարևորությունը: ԵՄ-ը նաև մտադիր է ակտիվացնել Սիրիայից փախստականների ընդունման հարցում Թուրքիային կատարվող օգնությունը:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին այցելել էր Անկարա: Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր դեպի Եվրոպա «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից հրաժարվելու և Սև ծովի հատակով դեպի Թուրքիա նոր խողովակաշար անցկացնելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը մեծացնելու պլանների մասին: