Այս տարին վախի և հուսահատության տարի է եղել միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում ենթարկվել են բռնության և ականատես եղել դրանց կործանարար հետևանքներին: Բազմաթիվ ճգնաժամեր այլևս չեն գրավում աշխարհի ուշադրությունը: Սա հատված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցից , որ հրապարակվել է դեկտեմբերի 8-ին:

 

«Այս տարին կործանարար էր միլիոնավոր երեխաների համար: Երեխաներին սպանել են դպրոցում դասերի և իրենց անկողիններում քնած ժամանակ, հակամարտությունների արդյունքում երեխաները որբացել են, առևանգվել, խոշտանգվել, հավաքագրվել, բռնաբարության ենթարկվել և նույնիսկ վաճառվել ստրուկների պես: Երբեք վերջին տարիների ընթացքում այդքան մեծ թվող երեխաներ չեն ենթարկվել նման անասելի դաժանության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

 

Այս տարիշուրջ 15 միլիոն երեխաներ են առևանգվել դաժան հակամարտությունների արդյունքում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Հարավային Սուդանում, Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ներառյալ ներքին տեղահանվածները կամ փախստականի կարգավիճակով ապրող անձինք: Ամբողջ աշխարհում շուրջ 230 միլիոն երեխան ներկայումս ապրում են զինված հակամարտություններից տուժած երկրներում և տարածքներում:

 

2014թ. հարյուրավոր երեխաներ առևանգվել են դպրոցներից կամ դպրոց գնալու ճանապարհին: Տասնյակ հազարավորներ հավաքագրվել կամ օգտագործվել են զինված ուժերի կամ խմբերի կողմից: Հարձակումները կրթական և բուժհիմնարկների վրա և դպրոցների տարածքների օգտագործումը զինված նպատակներով աճել է շատ վայրերում:

 

Չնայած հսկայական խոչընդոտներին, որոնց առճակատվել են երեխաները 2014թ., այնուամենայնիվ բարեկեցիկ ապագայի հույս կա հակամարտություններից և ճգնաժամերից տուժած միլիոնավոր երեխաների համար:

 

Հասանելիության, անապահովության և ֆինանսավորման խոչընդոտների առկայության պայմաններում հումանիտար կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համատեղ ջանքեր են գործադրել կենսական նշանակության օժանդակություն և այլ առաջնային ծառայություններ մատուցելու համար, ինչպիսիք են կրթությունն ու հոգեբանական աջակցությունը աշխարհի առավել վտանգավոր վայրերում մեծացող երեխաներին:

 

«Բավականին հեգնական է այն փաստը, որ Երեխայի իրավունքների հռչակագրի 25-ամյակի տարեդարձին, երբ մենք արձանագրել ենք զգալի առաջընթաց ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքների բնագավառում, միևնույն ժամանակ դաժանորեն խախտվել են միլիոնավոր երեխաների իրավունքները», նշել է Լեյքը' հավելելով, որ աշխարհը կարող է և պետք է ավելին անի 2015թ. առավել նպաստավոր տարի դարձնելու յուրաքանչյուր երեխայի համար: