Ամեն տարի բռնության են ենթարկվում միլիոնավոր մարդիկ, հարյուր հազարավորները դառնում են մարդասպանների զոհեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն է բովանդակում բռնության կանխման ոլորտի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը, որը հրապարակվել է Ժնևում:

 

Սա առաջին նման հետազոտությունն է, որը պատրաստել են ՄԱԿ-ի փորձագետները: Դրանում բերված տեղեկությունների համաձայն՝ 2012 թվականին աշխարհում սպանվել է շուրջ 475 հազար մարդ: Նրանց գրեթե 60 տոկոսը 15-ից մինչև 44 տարեկան տղամարդիկ են:

 

Սպանությունների հետևանքով ամենամեծ թվով մահեր նկատվում են Ամերիկայի տարածաշրջանում՝ եկամուտների ցածր և միջին մակարդակով պետություններում (28,5 սպանություն՝ 100 հազար մարդու հաշվով): Ամենացածր թվերն Արևմտախաղաղօվկինոսյան տարածաշրջանում են (2,1՝ 100 հազարի հաշվով):

 

Բռնությունից, առաջին հերթին, տուժում են կանայք, երեխաները և տարեց մարդիկ: Ինչպես նշված է զեկույցում, բոլոր չափահաս մարդկանց մեկ քառորդը մանուկ հասակում ենթարկվել է ֆիզիկական բռնության, յուրաքանչուր հինգերորդ կինը՝ սեռական բռնության: Յուրաքանչյուր երրորդ կինը դարձել է ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ իր զուգընկերոջ կողմից, տարեց մարդկանց 6 տոկոսը շարունակաբար գանգատվում է դաժան վերաբերմունքից:

 

ՄԱԿ-ի փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն ծանր հետևանքների վրա, որոնց հանգեցնում է բռնությունը: Դրանց թվում են հոգեկան խանգարումները, տարբեր հիվանդությունները, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը:

 

Հետազոտության տվյալներով՝ պետությունների 98 տոկոսում ընդունված են օրեքներ, որոնք պատժում են բռնաբարության համար, երկրների 87 տոկոսում՝ կենցաղային բռնության համար, 84 տոկոսում՝ դպրոցում զենք կրելու համար, 40 տոկոսում՝ ծերանոցներում տարեցների հետ դաժան վերաբերմունքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: