Հայաստանում 2014 թվականի ընթացքում ագրոբիզնեսի, շինանյութերի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի ոլորտներում իրականացված ներդրումները կնպաստեն, որպեսզի արտահանման դիվերսիֆիկացիայի առումով հաջորդ տարի շատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրվեն: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտ յանը: «Կառավարությունը լուրջ աշխատանք է տանում մեր տնտեսության մեջ արտահանման ծավալներն ավելացնելու, ներմուծմանը փոխարինող արտադրատեսակների արտադրությունը ընդլայնելու համար: Միաժամանակ, այս տարի բավականին դրական փոփոխություն կա արտահանման կառուցվածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով՝ եթե ՀՀ-ի արտահանման ճնշող մասը՝ 70 տոկոսը, նախկինում գնում էր ԱՊՀ երկրներ և Եվրամիություն, ապա այսօր արտահանման 44 տոկոսն ուղղվում է այլ երկրներ: Սա, Ճշմարտիյանի խոսքով, ցույց է տալիս մեր երկրի արտահանման դիվերսիֆիկաիայի ակտիվությունը:
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-հոկտեմբերի համեմատ այս տարի աճել են 3,6 տոկոսով (4 միլիարդ 876,5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում' արտահանումն աճել է 2,9 տոկոսով (1 միլիարդ 250 մլն դոլար), իսկ ներմուծումը' 3,8 տոկոսով (3 միլիարդ 626,5 մլն դոլար):