Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է շուկայում ուսումնասիրությունները՝ գների բարձրացման հետ կապված և չարաշահումների դեպքում կկիրառվեն խիստ պատիժներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Ուսումնասիրություն ները շարունակվում են, և եթե շուկայում լինեն հակամրցակցային չարաշահումներ, անպայման դրան արձագանքելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 

Կառավարության նիստում ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել էր մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ հանրապետությունում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: «Հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունների արդյունքներով՝ գնային փոփոխությունները տատանվում են 2-12 տոկոսի շրջանակներում, այսինքն' այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»,- ասել էր Շաբոյանը:

 

Վերջին շրջանում պարենային մի շարք ապրանքախմբերում նկատվել են թանկացումներ: Հատկապես թանկացել են ոսպը, հնդկաձավարը, կաթնամթերքը: ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացրել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպես օրինակ' շաքարավազի, կարագի, ձեթի, կաթնամթերքի, ձավարեղենի, հրուշակեղենի և այլն, ինչպես նաև ոչ պարենային ապրանքատեսակների շուկաներում: