Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայազգի մի շարք գործարարներ և հասարակական գործիչներ:

 

Դեսպանի հետ միասին կատարելով տոնավաճառի հանդիսավոր բացումը' Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացվող հայկական ապրանքատեսականուն: Ներկայացնելով տոնավաճառի կազմակերպման մանրամասները' Մակար Նահապետյանը նշել է, որ այս անգամ էլ մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան հավուր պատշաճի՝ տոնավաճառի այցելուներին առաջարկելով հայկական բազմատեսակ արտադրանքները, այդ թվում' հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Հայկական տոնավաճառում տեղադրվել է նաև հայկական ավանդական թոնիր, որն այցելուներին հնարավորություն կընձեռի ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:

 

Նախորդ տարի «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել էր «Արմենիա» տոնավաճառը: Սա հաշվի առնելով՝ Մակար Նահապետյանը վստահեցրել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ լավ արդյունք գրանցելու ուղղությամբ: Փառատոնի շրջանակում աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչների կողմից Մոսկվայի տարբեր հատվածներում բացվող ամանորյա տոնավաճառներն այս անգամ կգործեն մինչև 2015-ի հունվարի 12-ը: