Դամասկոսի համալսարանում դեկտեմբերի 7-11-ը կայացած հայկական մշակույթի օրեր նախաձեռնության շրջանակներում տեղի են ունեցել մի շարք դասախոսությունները, որոնցից վերջինը ներկայացվել է դեկտեմբերի 11-ին «Հայ գրականությունն ու արաբերեն թարգմանության շարժումը» խորագրով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջից, դասախոսությունը ներկայացրել է Դամասկոսի համալսարանի Լեզուների բարձրագույն ուսումնարանի հայոց լեզվի բաժնի պատասխանատու Նորա Արիսյանը: Դոկտոր Նորա Արիսյանը, անդրադառնալով հայ-արաբական և հայ-սիրիական դարավոր կապերին, հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

Հայկական մշակութային շաբաթն ընդգրկել է հայերեն լզվի և մշակույթի մասին դասախոսություններ, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրություն, հայ հոգևոր և մշակութային նմուշների ցուցահանդեսներ:

 

Ցուցահանդեսում ներկայացվել են հայոց լեզվի և գրականության արաբերեն լեզվով գրքեր, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության բաժնի հրատարակություններ, հայկական տարազներ, Հայաստանի մասին լուսանկարներ, մատենադարանում ցուցադրված հայկական մանրանկարչության նմուշներ ու արաբերեն լեզվով ձեռագրերի նմուշներ:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում Դամասկոսում տեղի էր ունեցել Իրանի մշակութային շաբաթ, իսկ հաջորդ շաբաթ տեղի կունենա ռուսական մշակութային շաբաթ: