ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր երկրներին զերծ մնալ Ռուսաստանի հետ գործ ունենալուց: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի արդյունքներով համաձայնագրերի ստորագրումը:
«Բնականաբար, մենք տեղյակ ենք ռուս-հնդկական համաձայնագրերի ստորագրման մասին: Մենք նախկինի նման բոլոր երկրներին կոչ ենք անում գործեր չվարել Ռուսաստանի հետ: Մենք շարունակում ենք հետևել դրան»,- նշել է Փսակին:
Փսակին հերքել է, թե դա կարող է բացասաբար ազդել նախագահ Բարաք Օբամայի պլանավորած հնդկական այցի վրա՝ ընդգծելով, որ Հնդկաստանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր:
Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի արդյունքներով որոշվել է, որ Ռուսաստանը 20 տարում Հնդկաստանում կառուցելու է ատոմակայանների առնվազն 12 էներգոբլոկ: Բացի այդ, «Ռոսնեֆտը» պայմանագիր է ստորագրել 10 տարում Հնդկաստանին տարեկան 10 միլիոն տոննա նավթ մատակարարելու մասին: