ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանի աշխատությունը Թուրքիայի անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրքիայի պահտպանական համակարգի արդիականացումը և անվտանգության ոլորտի բարեփոխումները» խորագիրը կրող գրքում ներկայացվում են Թուրքիայի զինված ուժերի արդիականացման գործընթացը, դրա ռազմաքաղաքական գործոննեերն ու նշանակությունը, ռազմականացման հիմնական միտումները:
Գրքում փաստական հարուստ նյութի հիման վրա ներկայացվում են Թուրքիայի ռազմականացման միտումներն ու ռազմական ոլորտում ունեցած հավակնությունները, որոնք հատկապես ընդգծված բնույթ են ստացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին: Հենց այս կուսակցության կառավարման շրջանում են առաջադրվել Թուրքիայի սպառազինման առումով հավակնոտ ծրագրերն ու նախագծերը:
Առանձին վերլուծվում և քննվում են Թուրքիայի պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության համակարգի բարեփոխումները, անվտանգության մարմինների արդիականացման ու վերափոխումների գործընթացը, բանակի քաղաքական ազդեցության նվազման միտումները, անվտանգության ոլորտի համակարգային բարեփոխումների հարցերը:
Գիրքը նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների ու ընթերցող լայն շրջանակների համար: Գիրքը ընթերցողներին հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով, որը դրված է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում: