Իրանցի Մեն Հերոն Մոնիսը, որը դեկտեմբերի 15-ին գրավել էր ավստրալական Սիդնեյի Lindt սրճարանը, լավ հայտնի էր նահանգի ու երկրի իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, պատմել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:

 

«Հանցագործն արդեն հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում: Նա դաժան հանցագործությունների, ծայրահեղականությամբ տարվելու եւ հոգեական անկայունության հետ կապված մեծ անցյալ ունի»,- հայտնել է կառավարության ղեկավարը:

 

Ոստիկանությունում գործակալության աղբյուրն իր հերթին ճշտել է, որ 50-ամյա Մոնիսը մեղադրվել է սեռական բռնության հետ կապված մի քանի գործերով, նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել սպանությանը մասնակցելու համար:

 

Էբոթի խոսքով՝ սրճարանում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ «նույնիսկ այնպիսի ազատ, բաց, շռայլ ու անվտանգ երկիր, որպիսին մերն է, խոցելի է քաղաքական դրդապատճառներ ունեցող բռնարարքների համար»:

 

Մեն Հերոն Մոնիսը, որը հայտնի է նաեւ որպես «շեյխ Հարոն», Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանում պատանդ էր վերցրել 17 մարդու, որոնց նա պահել է 16 ժամ:

 

Նա պահանջում էր իրեն տրամադրել «Իսլամական պետություն» խմբավորման դրոշը, ինչպես նաեւ հայտարարում էր, որ ցանկանում է խոսել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Ոստիկանությունը ազատել է պատանդներին, սակայն գրոհի ընթացքում զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ, ներառյալ մի ոստիկան: Սպանվածների թվում է նաեւ հանցագործը: