Պակիստանի Փեշավար քաղաքում թաղում են դպրոցի վրա զինյալների հարձակման հետեւանքով զոհվածներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Զինվորականների ենթակայության տակ գտնվող դպրոցի վրա թալիբների գրոհի զոհ է դարձել ավելի քան 140 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Տուժածներից շատերը մնում են հիվանդանոցներում:

 

Զոհվածների հարազատներն ու մերձավորները հավաքվել են հարձակման զոհերի՝ ծաղիկներով զարդարված դագաղների մոտ: Կարաչի քաղաքում մարդիկ մոմեր են վառել զոհվածների հիշատակին եւ ի նշան բռնության դեմ բողոքի:

 

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ավելի վաղ երկրում եռօրյա սուգ է հայտարարել դպրոցի սովորողների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:

 

Պակիստանի զինվորականների տվյալներով՝ հարձակումն իրականացրել են յոթ թալիբներ, որոնք ունեցել են մահապարտների գոտիներ:

 

«Թալիբանի» ներկայացուցիչը հայտնել է, որ այդ ակցիան պատասխան էր թալիբների դեմ պակիստանյան բանակի գործողությունների: