Արցախը որդեգրել է բազմաստիճան ճանաչման ռազմավարություն եւ շուտով երկրի արտաքին դիվանագիտությունը' Հայաստանի եւ սփյուռքի օժանդակությամբ, նահանգային մակարդակից կանցնի նաեւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: «Արցախի ճանաչումը նախ սկսվեց տեղական համայնքային մակարդակով: Շատերն ասում էին, որ դա ճիշտ չէ, քննադատում էին մեզ: Այժմ Արցախի ճանաչումն ընթանում է նահանգային մակարդակով: Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Կալիֆորնիան, որն աշխարհ տասը զարգացած տնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, մեզ ճանաչում են Բասկերի երկրում, Նոր Ուելսում: Շուտով մենք կհասնենք նաեւ պետական մակարդակի եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: Սա մեր նպատակն է եւ մենք Հայաստանի ու սփյուռքի հետ բավական քրտնաջան ենք աշխատելու այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստին, Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է ցանկացած ճանաչում, որը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա' մանավանդ, եթե այն ընթանում է իրավունքի սահմաններում: Սակայն, այս պարգայում, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, Պաղեստինի եւ Արցախի հիմնախնդիրները միմյանցից խիստ տարբեր են:

 

«Պաղեստինի անկախության սկզբունքին դեմ չէ նաեւ Իսրայելը, որը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը. ուղղակի այնտեղ սահանների խնդիր կա: Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը վարում է ոչ կառուցողական, կարծր ֆաշիստական քաղաքականություն եւ չի էլ քննարկում Ղարաբաղի ճանաչման հեռանկարները»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ նման զարգացումները ազդակ են Ադրբեջանի համար, որ այդ երկիրը վերանայի այդ կածր քաղաքականությունը:

 

Բաբայանն ասաց, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում գոյություն ունեն նաեւ աշխարհաքաղաքական շահեր եւ չի կարելի միանգամից ակնկալել արդյունք, սակայն այդ ուղղությամբ Ստեփանակերտն աշխատում է:

 

Դեկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում 498 կողմ և 88 դեմ ձայներով Եվրախորհրդարանի պատգամավորները ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստին պետության սկզբունքային ճանաչմանը և խնդրի «2 պետություն» լուծման բանաձեւին' հիմքում ունենալով 1967թ. սահմանը: Խորհրդարանը հույս է հայտնել, որ այս ամենը պետք է ընթանա խաղաղ բանակցություններին զուգահեռ։