Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խզում» (The Cut) ֆիլմի ռեժիսոր, թուրք ծագում ունեցող գերմանացի Ֆաթիհ Աքընը Ցեղասպանության թեմայով փոքրիկ վիճաբանություն է ունեցել Գերմանիայում նախկին թուրք պատգամավոր Հաքքը Քեսքինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը :
Աքընը պահանջել է Քեսքինից, որ վերջինս իրեն հանի էլեկտրոնային փոստի ցուցակից: «Առանց իմ ցանկության Ձեր ուղարկած քաղաքական բովանդակությամբ հայտարարություններն արդեն չեմ ցանկանում ստանալ: Ես 1915 թվականի դեպքերը որակում եմ որպես Ցեղասպանություն: Զգում եմ, որ ստիպված եմ Ձեզ նման պատասխան ուղարկել ձեր իսկ տեսակետների և առանց իմ ցանկության ինձ ուղարկած նամակների համար: Կարծում եմ, որ տեղյակ եք «Խզում» ֆիլմից և դրա բովանդակությունից: Գուցե նաև տեղեկացված եք այս թեմայով ԶԼՄ-ներին հայտնածս տեսակետների վերաբերյալ: Ես Ձեզ հետ նույն տեսակետը չեմ կիսում»,- ասել է Աքընը:
1968 թվականից ի վեր Գերմանիայում բնակվող Հաքքը Քեսքինը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր հակահայկական տեսակետներով: Ավելի վաղ նա այս թեմայով առաջարկել էր. «Խնդիրը թողնենք պատմաբաններին, թող հանձնաժողով ստեղծվի, որը կբացի ու կուսումնասիրի արխիվները»:
«Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը' ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու' Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: