Միշտ մտածել եմ՝ ինչպես է պատահել, որ 88-ի համաժողովրդական հզոր շարժում ու հետագա տարիների ներքաղաքական բուռն կյանք տեսած մեր քաղաքական համակարգն այսքան անորակ է ստացվել, մեր պետական ու քաղաքական կադրային բանկն՝ այսքան աղքատիկ ու զուրկ «պահեստայինների նստարանից»: Այս թեման շատ տարողունակ է ու դուրս է կոնկրետ այս հրապարակման քննարկման դաշտից, սակայն կարծում եմ՝ դրան անդրադառնալու հրատապություն, անհրաժեշտություն կա, մանավանդ, որ առջևում նոր ընտրական ցիկլ է, սերնդափոխության հնարավորություններ, նոր գաղափարներ շրջանառու դարձնելու հարթակների ստեղծման շանս:
Իսկ հիմա խոսենք այն տխուր իրականության մասին, որն ունենք, որով հպարտանալ, անշուշտ, չենք կարող, որի գոյությունն անտեսել, սակայն՝ նույնպես:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը լրիվությամբ բացահայտեց մեր քաղաքական համակարգի սնանկությունը, բանակցելու անկարողությունը, դիվանագիտական պոտենցիալի ողբերգական վիճակը: Այդ գործընթացը դարձավ մի մրցավազք, ստորաքարշության երթ, որի ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են հնարավորինս հաճոյանալ Կրեմլին՝ աթոռ պահելու կամ նվաճելու մոլուցքով տարված:
ԵՏՄ-ի ստեղծմանը դեռ մի տասն օր կա, բայց ականատեսն ենք առևտրային իսկական պատերազմի, որը ծավալվում է միության հիմնադիր անդամների միջև: Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի ու Ղազախստանի հանդեպ: Մինսկն ու Աստանան ոչ միայն չեն լռում, այլ դիմում են կոնկրետ պատասխան քայլերի: Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է, որ իր երկիրն այսուհետ Ռուսաստանի հետ առևտուր է անելու միայն դոլարով ու եվրոյով: Ու սա այն դեպքում, երբ երկու սլավոնական պետություններին կապում է նաև միութենական պայմանագիրը ու դրանով նախատեսված է միասնական արժույթի ստեղծում: Նուրսուլթան Նազարբաևն ավելի արմատական քայլի է գնացել՝ դիմել է քաղաքական դեմարշի: Նա պատրաստվում է երկուշաբթի այցելել Կիև, որտեղ, մեծ հավանականությամբ, ջերմ բարեկամական խոսքեր կհնչեցնի Կրեմլի «ոխերին բարեկամ» Պյոտր Պորոշենկոյի հասցեին:
Լուկաշենկոն ու Նազարբաևն ինտեգրացիայի պակաս ջատագովներ չեն, ավելին՝ Ղազախստանի նախագահին իրավմամբ կարելի է համարել եվրասիականության գաղափարի մունետիկը, բայց այս երկու առաջնորդները հասկանում, գիտակցում են իրենց երկրների շահերը ու պատրաստ չեն ամբողջովին տրվել ռուսական իշխանություններին՝ բացառապես հաճույքի երջանկությունը զգալու, ունենալու, բռնաբարվածի բարդույթը հաղթահարելու համար: Մեր իշխանությունը դա անում է, ու այնպիսի տպավորություն է, որ Երևանը մնացել է աշխարհի միակ մայրաքաղաքը, որը պատրաստ է անվերապահորեն կատարել Կրեմլից եկած նույնիսկ ամենազազրելի հանձնարարությունները:
Նույն որակի մեջ է նաև Եռյակ կոչվածը, որի ներկայացուցիչներին առայժմ վիճակված է բանակցել ոչ թե Կրեմլի աշխատասենյակներում, այլ դրա հարակից տարածքներում: Մեր ընդդիմության մոսկովյան լոբբիստն ու «կապավորը»՝ տխրահռչակ Սմբատ Կարախանյանը, այսպես է բնութագրում Կրեմլի ու հայաստանյան ընդդիմության հարաբերությունները. «…ներկայիս ընդդիմությունն ունի Ռուսաստանի իշխանությունների հստակ համակրանքը, ունի գործնականորեն շփվելու, աշխատելու ցանկություն: Աջակցություն ունի այն առումով, որ ոչ թե գնան տան, ջարդեն, փշրեն, դուրս գան Մայդաններ ստեղծեն, այլ հստակ քաղաքական դիրքորոշումներով, մեթոդերով վարեն իրենց գործողությունները, և Ռուսաստանն էլ հստակ հասկանա, թե այդ մարդիկ ով են և ինչ են ուզում»: Կարախանյանն իրականում շատ հետաքրքիր բացահայտում է անում. Կրեմլին Հայաստանում իշխանափոխություն անող ընդդիմություն պետք չէ, այլ պետք են մարդիկ, ովքեր գնան մոսկվաներ ու զբաղվեն «ստուկաչությամբ» ու որոշակի կոմֆորտային երաշխիքների դիմաց՝ «մահակի» դեր կատարեն իշխանության դեմ, եթե Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը որոշեն «մոլորվել» բրյուսելներում: Հիմա հասկացա՞ք, թե ինչու Եռյակն ակտիվացավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շեմին ու «արջի քուն» մտավ՝ այդ անդամակցության ֆորմալացումից հետո:
«Քննություն նշանակողներն» էլ՝ տարբեր կարգի միհրանյաններն ու կարախանյաններն են, ովքեր պարբերաբար հարցազրույցներ կտան ու կխոսեն Կրեմլի վերաբերմունքի մասին:
Սուրեն Սուրենյանց