Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթություններից է մնում հանրապետության պետական կառավարման համակարգի տեղեկատվական ռեսուրսների անխափան գործունեության ապահովումը և հաքերային հարձակումներից դրանց պաշտպանությունը:
Այս մասին ՀՀ ԱԱԾ մասնաիգտական տոնի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիս տի ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: «Սա գործունեության համեմատաբար նոր ոլորտ է մեզ համար, սակայն, ի պատիվ կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է փաստենք, որ կատարվող համալիր միջոցառումների արդյունավետությունը համադրելի է միջազգային ամենաբարձր չափորոշիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ միայն այս տարի խափանվել է 140 հաքերային հարձակում, կանխվել է պետական կառավարման մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասարար ծրագրերի ներդրման մոտ հազար փորձ:
Գորիկ Հակոբյանը հայտնեց, որ արձանագրված հաքերային հարձակումների մեծամասնությունը կատարվել է Ադրբեջանի, իսկ որոշ մասը՝ Թուրքիայի տարածքից: «Բացահայտվել են նաև ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատարվող հարձակումները:
Այդ ոտնձգություններից ոչ մեկը չի հասել իր նպատակին, անվտանգության մարմինների պաշտպանության տիրույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը: