Բաքվի կենտրոնում «Քորօղլի» կոչված կամուրջի վրա, որին Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները «ինքնասպանությունների կամուրջ» անվանումն են տվել, կանխվել է ինքնասպանության հերթական փորձը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, անցնող տարվա հունվարին բացումից հետո այդ կամրջից նետվելով ինքնասպանություն են գործել 10-ից ավելի քաղաքացիներ, կանխվել է 20-ից ավելի իքնասպանության փորձ: Այդ պատճառով Ադրբեջանի ՆԳՆ պահպանության գլխավոր վարչությունը երկու շաբաթ առաջ ոստիկանական հերթապահություն է սահմանել կամուրջի մուտքերին: Սակայն, չնայած դրան, ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու մեծ ցանկություն ունեցող անձանց «հաջողվում է» շրջանցե լ ադրբեջանական ոստիկանության «աչալրջությունը»:

 

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ականատեսները ֆիքսել են, որ դեկտեմբերի 22-ին կամուրջի վրա բարձրացած մի կին փորձում է նետվել ցած: Սակայն վրա հասած ոստիկանները նրան պոկում են կամրջի ճաղերից եւ մտցնում ոստիկանական ավտոմեքենան:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 227 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներ են եղել:13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է այդ երկրի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացի, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: