ՀՀ կառավարությունը «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մինչ 2017 թվականի դեկտեմբերի 8-ը կհետաձգի ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում:

 

Ծրագրի շրջանակում ընկերությունն արդեն իսկ ներդրել է 1.75 մլրդ դրամ, երկրորդ ներդրումային ծրագրով կներդրվի 216.1 մլն դրամ:

 

Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի վերազինել վերարտադրման վառարանը' նպաստելով թողարկվող արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև մրցունակության բարձրացմանը:

 

Ընկերությունը նախատեսում է իրացվող արտադրանքի շուրջ 50%-ն արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 100 աշխատատեղ' մոտ 200 հազ. դրամ միջին աշխատավարձով:

 

«Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին' հայտնի Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: 2004-2006թթ. գործարանն ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: