Հայաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 23-ին 1.75 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը' սահմանելով այն 8.5 տոկոս: Այս որոշումը բացատրվում էր նրանով, որ դրամի արժեզրկման հետևանքով լրացուցիչ գնաճային ճնշումներ են նկատվում. 2014թ. նոյեմբերին արձանագրվել էր 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9 տոկոսի դիմաց: Եվ չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու համար ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար Կենտրոնական բանկը օգտագործում է տարբեր գործքներ, որոնցից են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, լոմբարդային ռեպոն և դրամական միջոցներիների գրավման տոկոսադրույքը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից սահմանվող այն տոկոսադրույքն է, որով վարկեր են տրամադրվում բանկերին: Հետևաբար, եթե բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա կենտրոնական բանկը ավելի «թանկ» վարկեր է տրամադրելու բանկերին' նվազեցնելով շրջանառվող դրամի քանակությունը:
Կարճաժամկետ հատվածում այս գործիքով հնարավոր է դառնում զսպել գնաճը, քանի որ շուկայում ապրանքների անփոփոխ քանակի պարագայում ավելի քիչ դրամի առկայությունը բերում է ցածր գնաճի, սակայն երկարաժամկետ հատվածում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանգեցնելու է տնտեսական ակտիվության անկման: Այսինքն, բանկերը Կենտրոնական բանկից ստանալով ավելի թանկ միջոցներ, ստիպված են լինելու բարձրացնել բնակչությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Մյուս կողմից վարկերը նպատակաուղղված են տնտեսությունը ֆինանսավորելու, և եթե քիչ փող է մտնում տնտեսություն, ապա սկսում է դանդաղել դրա աճը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով հնարավոր է լինում նաև որոշակիորեն զսպել դրամի արժեզրկումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ռեկորդային ցուցանիշի էր հասել' արժեզրկվելով շուրջ 40 տոկոսով: Թեև ներկայումս արժեզրկման տեմպը դանդաղել է և դրամը որոշակիորեն արժևորվել է դոլարի նկատմամբ, սակայն չի բացառվում, որ Ամանորից հետո հնարավոր է արժեզրկման նոր փուլ սկսվի: Դա կախված կլինի այն հանգամանքից, որ դոլարի արժևորման գործընթաց է ընթանում ամբողջ աշխարհում, մյուս կողմից էլ Ամանորի տոներից հետո դոլարի մուտքն արժույթի շուկա որոշակիորեն կրճատվում է, ինչն էլ մեծացնում է դոլարի պահանջարկը և հետևաբար նաև գները:
Դեկտեմբերի 23-ին տարածած հաղորդագրության մեջ Կենտրոնական բանկը նշում էր, որ հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Սակայն թե ինչպես կփոփոխվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հետագա ամիսներին, կախված կլինի դրամի կայունությունից և գնաճի մակարդակից:
Նոյեմբերի 24-ին Հայաստանում դրամն սկսել է արժեզրկվել: Այդ օրը դրամը արժեզրկվեց շուրջ 4 տոկոսով՝ հասնելով 435 դրամի: Արժեզրկման տեմպն արագացավ դեկտեմբերի սկզբին, և դոլարը մոտեցավ 600 դրամի սահմանագծին։ Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է միջինում 465.43 դրամ:
Գոհար Ավետիսյան