Երևանի մետրոպոլիտենի գնացքներում այսուհետ կայարանների մասին հայտարարությունները, հայերենից բացի, կհնչեն նաև անգլերեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գործ ադիր տնօրենի երթևեկության գծով տեղակալ Գևորգ Ավետիսյանը, այդ քայլը զբոսաշրջիկների համար մետրոպոլիտենի մատուցած ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն է ուղղված:
«Մի քանի ամիս առաջ մի քաղաքացուց' Գոռ Սահակյանից, այդ առաջարկությունը ստացանք և իրագործեցինք»,-ասաց Գևորգ Ավեստիսյանը: Քաղաքացին նշել էր, որ դրանով Երևանի զբոսաշրջային գրավչությունը կբարձրանա:
Գևորգ Ավետիսյանի տեղեկացմամբ' իրենք նախկինում էլ որոշում ունեցել են անգլերեն տարբերակով ունենալու հայտարարությունը, բայց սպասում էին գնացքների վերջնական արդիականացմանը: «Բայց նկատելով, որ պահանջարկը կա, որոշեցինք ավելի շուտ իրականություն դարձնել»,-հայտնեց Մետրոպոլիտենի փոխտնօրենը:
Մետրոյի յուրաքանչյուր կայարանում հնչում է' «Զգուշացեք, դռները փակվում են»' ազդարարելով, թե որն է հաջորդ կայարանը: