Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթ է: Դրա իրականացումը, նախարարի գնահատմամբ, առաջին հերթին պահանջում է բարձր պատասխանատվություն: Նա ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպական խնդիրները կլուծվեն նախարարության և ծրագրում ընդգրկված բժշկական կենտրոնների մասնագետների անմիջական աջակցությամբ:

 

«Լուծվելու են բոլոր կազմակերպական խնդիրները' ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Ծրագրի իրականացումը և որակի վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոն ում է լինելու»,- ասել է Արմեն Մուրադյանը' ավելացնելով, որ այս ծրագիրը ոչ միան առողջապահական, այլև սոցիալական նշանակության է: Նախարարը հորդորել է գործընկերներին հետևել ծրագրի բոլոր դրույթներին և քննարկել խնդիրները, ինչը թույլ կտա մոտ ապագայում խոսել առաջին դրական արդյունքների մասին:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, ներկայացրել է ծրագրի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշել է, որ ծրագրի շնորհիվ բնակչության բոլոր խավերը կկարողանան սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից: «Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կտեղադրվի ոչ դեղապատ մեկ ստենտ»,- մանրամասնել է Վահան Պողոսյանը:

 

Նա հայտնել է, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպան համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մշակվել է չափոփոշիչ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: Նա նաև հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն (+374 10) 65 47 11 կամ 65 46 91 հեռախոսահամարներով) ' քաղաքացիների և բժշկական կենտրոններին տեղակատվություն տրամադրելու համար:

 

Պատասխանելով լրագրողների հարցին' ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշել է, որ այն մոտեցումը որն ընտրվել է սոցիալական կարևոր նշանակության այս ծրագրի համար, անգամ զարգացած ոչ բոլոր երկրներում է իրականացվում: «Մարդիկ գումար չունենալու պատճառով սրտի անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում հաճախ անելանելի վիճակում էին հայտնվում, և պատահական չէ, որ այս ծրագիրը մենք կարճ անվանել ենք «կյանք փրկող» ծրագիր»,- հավելել է Վահան Պողոսյանը:

 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող' զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:

 

Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատություննե րը 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720-750 հազար դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձանց:

 

Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ: