Տնտեսական տարին 2014 թվականին աչքի ընկավ նրանով, որ նոր Կառավարությունն ընդունեց փոքր բիզնեսին վերաբերող մի շարք օրենքներ' խթանելով դրա զարգացումը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը' ամփոփելով այս տարվա տնտեսական գործընթացները: «Հատկապես կառանձնացնեի ընտանեկան բիզնեսին վերաբերող օրենքի ընդունումն ու սահմանամերձ վայրերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք ևս միտված են փոքր բիզնեսի ամրապնդմանը:
Այդ առավելությունների մասին պետք է շատ խոսել, քանի որ դրանք ունենք նաև սոցիալական նշանակություն: Պետությունը հրաժարվել է հարկերից' հնարավորություն տալով ստեղծել բիզնես, հաղթահարել աղքատությունը, իսկ միգրացիայի տեսանկյունից, դա ունի կանխարգելիչ նշանակություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մակարյանը: նա հույս հայտնեց, որ 2015 թվականն ավելի բարենպաստ տարի կլինի տնտեսության աճի տեսանկյունից և ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր տնտեսական ներկայությունը արտաքին շուկաներում:
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը խոսեց դոլարի արժևորման գործընթացի մասին' նշելով, որ դա զգալի ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության վրա: «Ինտեգրացիոն գործընթացները կլանում են նաև Հաաստանը, հետևաբար ամենափոքր ցնցումները, որ նկատվում են համաշխարհային տնտեսությունում, իրենց անդրադարձն են գտնում այստեղ: Խոսքը վերաբերում է ոչ թե դրամի արժեզրկմանը, ալ դոլարի արժևորմանը:
Սա շատ կարևոր ճշգրտում է, որովհետև եթե ասում ենք դրամի արժեզրկում , ապա պե տք է պատճառներ գտնենք, սակայն այդպիսի պատճառներ չկան, և այստեղ արտաքին ազդակները որոշիչ եղան»,- ասաց Մանասերյանը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանում դրամն սկսել է արժեզրկվել: Այդ օրը դրամը արժեզրկվեց շուրջ 4 տոկոսով՝ հասնելով 435 դրամի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Արժեզրկման տեմպն արագացավ դեկտեմբերի սկզբին, և դոլարը մոտեցավ 600 դրամի սահմանագծին։ Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է միջինում 465.43 դրամ: