Անցնող տարին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համար վերջին քսան տարվա մեջ ամենաարդյունավետներից մեկն էր: Այս մասին տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Անցյալ տարվանից, երբ աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ձեռք բերեց Ազգային գիտական կենտրոնի կամ ազգային արժեքի կարգավիճակ, ինչը թույլ տվեց աստղադիտարանում իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավոր չէին վերջին 20-25 տարում ֆինանսական սուղ պայմանների պատճառով: Ազգային արժեքի կարգավիճակն ավելացրեց նաև բյուջեն:
Մենք սկսեցինք լուծել խնդիրներ, որոնք գոյություն ունեին 1980-ականներից: Դրանցից առաջինը նյութատեխնիկական բազայի արդիականացումն էր: Աստղադիտարանի ամենախոշոր դիտակները' 2.6 և 1 մետրանոց, վերանորոգվել են ու պետք է մտնեն շահագործման մեջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց աստղադիտարանի տնօրենը:
Նրա խոսքով' մեկ մետրանոց դիտակը' չնայած իր փոքր չափերին, իր տիպի դիտակների մեջ աշխարհի հինգ խոշորների շարքում է: «Այդ դիտակը չէր աշխատում 1989 թվականից, այս տարի առաջին անգամ հնարավոր եղավ փորձնական դիտումներ իրականացնել: Հույս ունեմ, որ եկող տարի այն լիարժեք կմտնի գործածության մեջ»,-նշեց Հայկ Հարությունյանը:
Անդրադառնալով կիրառական դիտումներին' Հայկ Հարությունյանը շեշտեց, որ այս տարի ռուսական «Ռոսկոսմոս» ընկերության հետ միջազգային ծրագրով իրականացրել են տիեզերական աղբի մոնիտորինգ: ««Ռոսկոսմոսի» հետ քննարկում ենք եկող տարվա միջոցառումները: Նախատեսում ենք նոր դիտակներ տեղադրել: Դեկտեմբերին Ռուսաստանից Բյուրական հասցվեցին ժամանակակից ընդունիչ սարքավորումներ մեկ միլիոն դոլար արժողությամբ»,-հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Հայկ Հարությունյանի խոսքով' իրենց կողմից այս տարի բավական շատ գիտական հետազոտություններ են կատարվել: «Մասնակցել են արտասահմանյան համատեղ աշխատանքների, ունեցել երեսունից ավելի գործուղումներ եվրոպական երկրներ, ԱՄՆ' մասնակցել համաժողովների, համատեղ աշխատանքներում ներագրավվել»,-տեղեկացրեց Հարությունյանը:
Անդրադառնալով առաջիկ ծրագրերին' Հայկ Հարությունյանը նշեց, որ հաջորդ տարի լրանալու է «Աստղաֆիզիկա» հանդեսի հիսունամյակը, իսկ 2016-ին' Բյուրականի աստղադիտարանի 70 ամյակը, ինչի կապակցությամբ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: