Գյումրիում հունվարի 1-ից կիրականացվի «Կյանքի ստենտ» ծրագիրը: Պիլոտային այս ծրագիրը կիրականացվի անվճար՝ Գյումրու բժշկական կենտրոնում: Ծրագիրը ՀՀ Նախագահի նախընտրական դրույթներից է և իրականացվում է պետական միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման համար ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից հաստատվել են չափորոշիչներ, որոնք պարտադիր են ծրագիր ընդգրկվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Գյումրու բժշկական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշել է հիվանադանոցի գլխավոր բժիշկ Արմեն Իսահակյանը:

 

Ծրագիրն իրականացվում է խիստ հսկողությամբ: Բացի Գյումրու Բժշկական կենտրոնից, ծրագրում ընդգրկվել է ևս 5 հիվանդանոց: «Այս մեթոդը շատ տարածված է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մեթոդի նպատակն է սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդերին կյանք պարգևելը: Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ սուր ինֆարկտով հիվանդերի մոտ ստենտավորումը բերում է կյանքի տևողության ավելացմանը և կյանքի որակի լավացմանը: Ծրագիր ընդգրկվում են հատուկ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում»,- լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, սրտաբան Կարեն Միքայելյանը: Ի դեպ, հիվանդը կարող է ցանկության դեպքուն հրաժարվել ոչ դեղապատ ստենտից և ստանալ դեղապատ ստենտ, բայց այս դեպքում ծառայությունը վճարովի է:

 

ՀՀ առողջապահության նախարարությանը ծրագրի իրականացման համար տրամադրվել է 500 մլն դրամ: «Ծրագիրն իրականացնող բոլոր հիվանդանոցները, կապված ստենտավորման քանակից, ծրագրի իրականացման սահմանափակում մինչև մարտ ամիսը չեն ունենա: Ով ունեցավ կարիք և, հետազոտություն անցնելուց հետո, ընդգրկվեց հաստատված չափորոշիչների մեջ, կընդգրկի ծրագիր»,-նշեց Արմեն Իսահակյանը:

 

Ավելացնենք, որ Գյումրու բժշկական կենտրոնում, այս ծրագրից դուրս, դեղապատ ստենտավարումը կատարվում է 1 մլն 600 հազար, իսկ ոչ դեպապատը' 1 մլն 100 հազար դրամ գնով: