ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին, Հայաստանի ու Սփյուռքի հայերին: «Հարգելի բուժաշխատողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 

Բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը փոքրիկ սխրանք է, առանց որի, առհասարակ, անհնար է պատկերացնել առողջապահության տարբեր ոլորտներ ի զարգացումը: Որքան էլ կարևոր լինեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերը, առանց ձեր աջակցության, բարեխիղճ աշխատանքի ու հոգածության այդ ծրագրերը կյանքի չեն կոչվի:

 

Առանց Ձեր մարդասիրական, տքնաջան աշխատանքի անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը, համակարգի հանդեպ վստահության ձևավորումը: Ցանկանում եմ, որ ամենօրյա աշխատանքում, չնայած դժվարություններին, չդադարեք զգալ ձեր առաքելության կարևորությունը»,- ասել է նա:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն առանձնահատուկ շնորհավորել է այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը, դրան հաջորդող օրերին կլինեն հիվանդի կողքին, մտահոգ նրա առողջությամբ, ինչպես նաև նրանց, ովքեր տոնական օրերին կլինեն դիրքերում՝ զինվորի կողքին կամ հիվանդանոցներում: «Ձեր աշխատանքի լավագույն գրավականը մարդկանց երախտիքի խոսքն է: Միշտ բարձր պահենք բուժաշխատողի պատիվը: Գալիք տարում եղեք առողջ, հաջողակ և գնահատված»,-նշել է նա: