Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության միջազգային հարցերով փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հետ կապված' երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կատարած քայլերը նոր վտանգներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար: Նա ասել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) նման ահ աբեկչական կազմակերպություններն ուժեղացել են հենց Թուրքիայի իրագործած քաղաքականության արդյունքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Լողօղլուն ասել է, որ Սիրիայում Բաշար Ասադի ուժերի դեմ ջիհադին միացած արմատական խմբավորումները, որոնց կազմում մեծ թվով թուրքեր եւ ադրբեջանցիներ կան, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար պոտենցիալ ահաբեկչության աղբյուր են հանդիսանում: Նրա խոսքով' Սիրիայի վերաբերյալ պաշտոնական Անկարայի քաղաքականությունը տարածաշրջանի համար լրացուցիչ դիմակայություն է ստեղծելու:

 

«Սիրիայում ընդիմադիրներին Թուրքիայի կողմից ցույց տրվող աջակցությունը, սխալ քաղաքականություն լինելով, օգնություն էր ահաբեկիչներին: Արդյունքում' տարածաշրաջանում սկսեց ուժեղանալ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումը», -ասել է նա:

 

Թուրք կուսակցական գործիչը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Սիրիայում կռվելու համար Թուրքիայի սահմանով մարտիկներ են անցնում Ադրբեջանից եւ Եվրոպայից: Այնտեղ ահաբեկիչների կազմում մեծ թվով թուրքեր եւ ադրբեջանցիներ են կռվում: Բոլոր այս գործոնները ցույց են տալիս, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավորությամբ տարածաշրջանի երկրներին սեւ օրեր են սպասում: Քանի որ Սիրիայում կռվող ծայրահեղականներն իրենց երկրներ վերադառնալուց հետո շարունակելու են ահաբեկչական գործողությունները: Ֆրանսիայում իր ագործված ահաբեկչական գործողությունն ազդանշան է այն բանի, որ նոր ծայրահեղական ալիքը թափանցելու է նաեւ այլ երկրներ», -հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:

 

Լողօղլուի կարծիքով' խնդիրը լուծելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները պետք է ինտենսիվացվեն: «Սակայն, չեմ հավատում, որ դա հնարավոր կլինի իրականացնել մոտ ժամանակում: Քանի որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի կառավարության որդեգրած քաղաքականությունը այդպիսի հնարավորություն չի ընձեռում», -ասել է ԺՀԿ փոխնախագահը: