Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ' ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Այս մասին դեպքի վայրում աշխատող «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նախաքննության գաղտնիությունից ելնելով' այս պահի դրությամբ մանրամասներ չեն հայտնվում: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբերը:

 

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի' հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:

 

Նախնական տվյալներով' հանցագործը դեռես չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային եւ քաղաքային վարչությունների ներկայացուցիչները: Դեռեւս պաշտոնական հաստատում չկա, սակայն նախնական տեղեկություններով' կրակողը ռուս զինծառայող է: