Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակին նվիրված Վաշինգտոնում երեկ անցկացված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան հայտարարել է, որ մոտ շաբաթների ընթացքում Բաքու կայցելեն ԱՄՆ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Ըստ գործակալության' Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռոբերտ Սեկուտան այդ երկրի իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար Բաքու կժամանի մի քանի շաբաթ հետո: «Դա կլինի կարեւոր պահ հետագա համագործակցության համար, ինչպես եւ Վաշինգտոնի այլ ներկայացուցիչների այցերը Բաքու», -ասել է Թոմաս Մելիան:

 

Վաշինգտոնում երեկ տեղի ունեցած «Ինչպես են խեղդում անկախ ձայներն Ադրբեջանում» վերտառությամբ լսումների ժամանակ, որը կազմակերպել էր Ժողովրդավարության պաշտպանության ազգային հիմնադրամը (NED), բոլոր ելույթ ունեցողները դատապարտել են վերջին շրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումները:

 

Քննարկումների ժամանակ առաջարկություններ են հնչել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի իշխանությունների դեմ:

 

ԱՄՆ սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ «Ադրբեջանում իրագործվող բռնաճնշումները խոչընդոտելու են ԱՄՆ-ի հետ Բաքվի հարաբերությունները»: