Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24–ին նախատեսում է այցելել Հայաստան, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2013-ին Հայաստան այցելելու հրավերն ընդունել է 2012-ի նոյեմբերին։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է երկրում 2014-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ուժեղ մեսիջ» հղել ֆրանսահայ համայնքին։
Այդուհանդերձ, նշում է պարբերականը, Ֆրանսուա Օլանդը Սահմանադրությունում առկա «տեխնիկական դժվարությունների» պատճառով Սենատի օրակարգ չի բերի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։