Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ադդին Հասսունը և Սիրիայի Կրոնի նախարար Մուհամմադ Աբդ ալ Սաթթար ալ Սայիդը իսլամ կրոնավորներին և ուսուցիչների պատվիրակությամբ այցելել են Դամասկոսի Հայոց առաջնորդարան:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատվավոր հյուրերին ընդունել են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, Դամասկոսի ազգային իշխանության անդամները:

 

Այցելությունը կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում, որի մեկնարկը հայտարարվել է հունվարի 6-ին Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում:

 

Սիրիայի մուֆթին և Կրոնի նախարարն այցելության ժամանակ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդի Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առթիվ՝ դատապարտելով ոճրագործ թուրքերին: