Իրաքում հունվարի 12-ին ցրտից եզդի յոթ գաղթականներ են մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը գրանցվել է Իրաքի հյուսիս-արևմուտքւմ գտնվող Սինջարի շրջանում: Լուրը հաստատել է Իրաքի խորհրդարանի հասարա կական հարցերով կոմիտեի ղեկավար Թաֆքիհ Միրզանը՝ ավելացնելով, որ սառնամանիքը սպառնում է նաև երկրի մյուս բնակիչներին, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն:

 

Նա կոչ է արել Իրաքի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին օգնություն ցուցաբերել գաղթականներին, ովքեր ապրում են դժվարին կենսապայմաններում:

 

Իրաքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարն իր հերթին նշել է, որ երեխաներին ևս սպառնում է սառնամանիքը, և պետք է միջոցներ ձեռնարկել հնարավոր ողբերգությունից խուսափելու համար:

 

Նման ծանր իրավիճակում են հայտնվել նաև Իրաքյան Քրդստանի Արբիլ և Սուլեյմանիա շրջանները:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սաստիկ ցրտի պատճառով չափազանց ծանր իրավիճակում են հայտնվել Հորդանանի և Լիբանանի սիրիացի փախստականները: Ուժգին քամու և ձնամրրիկի հետևանքով վրաններ են փլուզվել, տասնյակից ավելի մարդիկ են մահացել, այդ թվում' երեխաներ: