Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցին ընդառաջ հիշատակի տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն աշխարհի տարբեր քաղաքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Լոնդոնի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ հունվարի 15-ին «Հայկական տանը» կցուցադրվեն Ումիթ Քըվանչի «Հունվարի 19-ին հունվարի 19. Հրանտի համար, արդարության համար» և Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորեք, երեխաներ» ֆիլմերը:

Ֆրանսիական Լիոն քաղաքի «Ալեքս Մանուկյան» մշակութային կենտրոնում հունվարի 17-ին նախատեսվում է անցկացնել քննարկում, որի ժամանակ Քարին Քարաքաշլըն կխոսի վերջին քսան տարում Թուրքիայում հայկական հարցի վերաբերյալ տեսակետների մասին:

Ավստրիայում' Վիեննայում, հունվարի 18-ին Դինքի հիշատակին պատարագ կմատուցվի եկեղեցում:

 

Նույն օրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական միության (MITAS) և Բոստոնի թուրքերի կողմից հիմնած «Բոստոնբուլ» կազմակերպության ջանքերով կցուցադրվի ֆիլմ, որը կպատմի Դինքի սպանության մասին: Միջոցառմանը կխոսի նաև Դինքի ընկերներից մեկը' Իստեփան Ջինար Գիգիյանը:

 

Օտտավայի քաղաքային գրադարանում հունվարի 18-ին կցուցադրվի «Կարոտ» ֆիլմը, իսկ Տորոնտոյում նույն օրը հայկական համայնքային կենտրում կխոսի Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը:

 

Ստամբուլի հայկական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 18-ին Լոս Անջելեսում կազմակերպվելիք միջոցառմանը ելույթ կունենան Հարավային Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռիչարդ Հրայր Դեքմեջյանը և թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

 

Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում կխոսի Դինքի ուսումնարանի ուսուցիչ Մկրտիչ Մարկոսյանը:

 

Բրյուսելում հունվարի 21-ին կայանալիք միջոցառմանը ելույթ կունենան Դինքի այրին' Ռաքել Դինքը, քաղաքացիական ազատությունների կոմիտեի ղեկավար Փոլ Մորաեսը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովջյանը:

 

Փարիզում բնակվող թուրքերի L’ACORT կազմակերպության աջակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը կխոսեն Լևենթ Շենսևերը, Արիս Նալջըն և Զարա Նազարյանը: