Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով ներկա և նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող հարցաքննության շրջանակում ցուցմունք է տվել Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի անվտանգության վարչության պետ Էրջան Դեմիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Դեմիրը «կասկածյալի» կարգավիճակում ցուցմունք է տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում: Նա հերքել է Դինքի սպանության կանխամտածվածության վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

 

Ցուցմունք տալուց հետո Դեմիրը մեղադրվել է «կանխամտածված գործողություններով սպանության պատճառ դառնալու», «պաշտոնի չարաշահման» մեջ և կալանավորման պահանջով տարվել է դատարան: Սակայն դատարանը նրան ազատ է արձակել երկրից դուրս չգալու պայմանով:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու որշումներ են ընդունվել: