Շիրակի գլխավոր դատախազության շենքի առջև հավաքվածներին կրկին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Տղամարդու պես խոստացել եմ և ես իմ խոստացածն ամբողջությամբ կատարելու եմ. դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի ոճրագործը հանձնվի հ այաստանյան իրավապահներին:
Սակայն կա գործընթաց. հայաստանյան քննիչներն աշխատում են, և երբ կունենանք անհրաժեշտ հիմքերը' փաստաթղթերը, անմիջապես դիմելու եմ»,-նշեց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով' բոլորի նպատակը մեկն է, սակայն յուրաքանչյուրը տարբեր ճանապարհ է ընտրել: «Կարծում եմ' այն ճանապարհը, որը դուք ընտրեցիք, արդարացված չէ: Մենք մեր գործողությունները կատարում ենք և միշտ էլ կատարելու ենք, որովհետև սպանված ընտանիքի անդամները մեր հայրենակիցներն են, մեր քույրերն ու եղբայրները»,- դիմելով հավաքվածներին' ընդգծեց դատախազը:
Կոստանյանը հավելեց, որ չի կարելի անել այնպիսի բան, որը վնասելու է մեր կողքին կանգնած եղբորը: Միաժամանակ, գլխավոր դատախազը նշեց, որ իրենց գործողությունների յուրաքանչյուր ընթացք հավաքվածների հետ կքննարկեն: «Եկեք ճիշտ հետևություններ անենք կատարվածից, որպեսզի չվնասենք մեկս մյուսին»,- ասաց դատախազը:
Այժմ Շիրակի գլխավոր դատախազության շենքի առջև իրավիճակը հանդարտվել է և հավաքվածները ցրվում են: