Եվրոպայի խորհրդարանը Թուրքիային խստորեն քննադատող փաստաթուղթ է ընդունել' կապված խոսքի և մամուլի ազատության հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, փաստաթղթին կողմ են քվեարկել 511 պատգամավոր, 11-ը դեմ են արտահայտվել, իսկ 31-ը ձեռնպահ են մնացել:

 

Փաստաթղթում նշվում է, որ խոսքի ազատությունը և լրատվական բազմազանությունը Եվրոպայի հիմնարար արժեքների կենտրոնում են: Հեղինակները պահանջել են թուրքական կառավարությունից, որ բարեփոխումներ իրականացվեն մտքի, խոսքի և մամուլի ազատության, իրավական պետության, ժողովրդավարության, հավասարության և մարդու իրավունքների բնագավառներում:

 

ԵԽ-ն քննադատել է նաև 2014 թվականի դեկտմբերի 14-ին մի շարք լրատվականների ներկայացուցիչների ձերբակալությունները և ներխուժումը խմբագրատներ: Կառույցը պահանջել է դադարեցնել Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների դեմ իրականացնող բռնությունները և վախեցնելուն ուղղված գործողությունները: