«Նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկի բանակցությունների արդյունքում ընդունել են հռչակագիր: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Փաստաթուղթը բաղկացած է 4 էջից:
Հռչակագրում ասվում է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները հաստատում են «լիակատար հարգանքն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Փաստաթղթում նշվում է, որ 4 երկրի առաջնորդները հավանություն են տալիս «Մինսկի համաձայնագրի իրականացման շուրջ համալիր միջոցառումներ» փաստաթղթին, որն ընդունվել և ստորագրվել է Մինսկում 2015թ. փետրվարի 12-ին:
Հռչակագրում նաև ասվում է, որ Գերմանիան և Ֆրանսիան տեխնիկական աջակցություն կցուցաբերեն «Կոնֆլիկտային շրջաններում հայտնված բանկային համակարգի սեգմենտների վերականգնմանը»:
Առաջնորդները կողմ են արտահայտվել ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկայի հարցով բանակցությունների շարունակմանը՝ «ձմեռային գազային փաթեթի» զարգացումն ապահովելու համար: Նրանք նաև աջակցություն են հայտնել եռակողմ բանակցություններին՝ «Ուկրաինայի և Եվրամիության միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ Ռուսաստանի մոտ անհանգստություն առաջացնող հարցերին գործնական լուծում մշակելու համար»: