Ցեղասպանագիտության համաշխարհային մեծության հեղինակություններն այս տարի հուլիսին կլինեն Երևանում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գիտաժողովին մասնակցելու համար, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից կժամանեն 300-ից ավելին գիտնականներ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
-Ինչո՞վ է կարևոր այս գիտաժողովը, չէ՞ որ ՀՑԹԻ-ը մշտապես կազմակերպում է միջազգային գիտաժողովներ։
-2007 թվականից յուրաքանչյուր տարի ՀՑԹԻ-շն հայ և օտարազգի առաջատար մասնագետների մասնակցությամբ միջազգային գիտաժողովներ է անցկացնում, որոնք վեր են հանում Հայոց ցեղասպանության այս կամ այլ ասպեկտը։ Օրինակ՝ 2009 թ. Ադանայի կոտորածի 100-րդ տարելիցին նվիրված, 2010 թ. Մշակութային ցեղասպանության, 2012-ին հայասեր Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանության Սկանդինավյան արձագանքը», 2014-ին Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատը թեմայով և այլն։ Սակայն այն, ինչ տեղի է ունենալու այս տարի հուլիսի 8-12-ին Երևանում, առանց որևէ վերապահության կարելի է համարել աննախադեպ իրադարձություն։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության /ՑՄԸ/ 12-րդ կոնգրեսը։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների ամենաառաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994թ. հանրահայտ գիտնականներ, այդ ոլորտի հեղինակություններ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է հարյուրա վոր գիտնականների ամբողջ աշխարհից: Շատ երկրներում մշտապես կազմակերպվող ցեղասպանագիտական գիտաժողովներից բացի, երկու տարին մեկ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կազմակերպում է մեծ կոնգրեսներ, որոնք ուղենշային են դառնում գիտական ոլորտի զարգացման համար:
-Ինչով է դա արտահայտվո՞ւմ։
-Նախ այդ գիտաժողովները աննախադեպ են մասնակիցների թվով։ Սովորաբար դրանց մասնակցում են մոտ 250-300 գիտնական։ Թեև սա ինքնին շատ տպավորիչ թիվ է, Երևանում անցկացվելիք գիտաժողովի պարագայում մենք ավելի մեծ թվի ակնկալիք ունենք։
Բացի այդ, բազմաթիվ զուգահեռ հարթակներում հնչող գիտական զեկուցումները, թեմատիկ խմբերում քննարկումները, ֆիլմերի դիտումները, գրքերի շնորհանդեսները, կլոր սեղանները բյուրեղացնում են այն հիմնական հարցադրումները, մոտեցումները և միտումները, որոնց ուղղությամբ ընթանալու է ցեղասպանագիտության ակադեմիական զարգացումը մոտ ապագայում:
Սա նաև համաշխարհային հնչեղության միջոցառում է, և լավ առիթ' հյուրընկալելու գիտության համաշխարհային մեծության գերաստղերի։
-Ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մասնակցությունն այս գիտաժողովին։
-Առիթն օգտագործելով կոչ եմ անում հայաստանյան գիտնականներին նույնպես ակտիվորեն մասնակցել գիտաժողովին։ Դրա համար պետք է լրացնել հայտ մինչև հունվարի 23-ը և ուղարկել այն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունող հանձնաժողովին։ Մեր կայքում կարելի է գտնել բոլոր տեղեկությունները։ Ուզում եմ ընդգծել, որ մասնակիցների ընտրությունը նույնպես կատարվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հանձնաժողովի կողմից, որի մասն է ՀՑԹԻ-ի ներկայացուցիչը։ Կարևոր է ապահովել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ շատ զեկույցներ և հայ մասնագետների ներկայությունը, քանի որ, ցավոք, տարեցտարի նրանց թիվը այս կոնգրեսներում կրճատվում է։ Պատճառը մեկն է. ոչ այնքան արդյունավետ սերնդափոխության գործընթացը, հատկապես Սփյուռքում։ Մեր ավագ սերնդի վաստակաշատ գիտնականներին՝ Վահագն Դադրյանին, Ռիչարդ Հովհաննիսյանին, Ռուբեն Ադալյանին, Ռուբինա Փիրումյանին փոխարինող երիտասարդներ Սփյուքռում, ցավոք, չենք տեսնում։
-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս ստացվեց, որ հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահվեց նման ներկայացուցչական միջոցառում կազմակերպելու պատիվը և ինչի՞ արդյունք է դա։
-Ցավալի մի իրողություն էր այն, որ երկար տարիներ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը Հայաստանում զարգացել է ավտոնոմ, մեկուսացած համաշխարհային ցեղասպանագիտական համայնքից և շատ դեպքերում' անտեղյակ հիմնական զարգացումներին: Հայաստանում գրվել են շատ արժեքավոր աշխատություններ, Մեծ եղեռնի թեմայի վերաբերյալ բացառիկ նյութեր են շրջանառության մեջ դրվել, սակայն Հայաստանի սահմաններից դուրս դրանք հիմնականում չեն եկել: Մինչև 2007 թ., եթե չեմ սխալվում, միայն մեկ գիտնական՝ Նիկոլայ Հովհաննիսյանն էր, որ մասնակցել էր 1998 թ. ՑՄԸ գիտաժողովին։
Մենք վճռական էինք այդ վատ ավանդույթը փոխելու ուղղությամբ աշխատանք տանելու հարցում։ 2007 թվականին Սարաևոյում կայացած գիտաժողովին մասնակցություն ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, և դեռ 2007 թ. մենք սկսեցինք բանակցություններ վարել այդ գիտաժողովը 2015-ին Երևանում հյուրընկալելու համար։ Ներկայացվեց հայտ, որը հաղթող ճանաչվեց, և մեզ տրվեց գիտաժողովն անցկացնելու իրավունքը։ Սա, առանց ավելորդ համեստության, կարող եմ համարել նաև ՀՑԹԻ ու մեր աշխատակիցների աճող հեղինակության վկայություն։ 2013 թ. մեր թանգարանի հինգ գիտաշխատողների զեկույցներ էին ընդգրկվել Սիենայում կայացած հերթական գիտաժողովին։
Եթե ուսումնասիրեք նախորդ կոնֆերանսների հարթակները, կտեսնեք, որ բոլորը խոշորագույն և հեղինակավոր ցեղասպանագիտական կենտրոններ են։ Հենց սա է վկայությունն այն բանի, որ հենց այնպես այս իրավունքը ոչ մի հաստատության չի տրվում։ Եվ, ինչու ոչ, 2015-ի գիտաժողովը փաստորեն վավերացնելու է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նույնպես համալրել է խոշորագույն և հեղինակավոր ցեղասպանագիտական կենտրոնների շարքը։