Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2015 թվականին բարելավել հանրապետության պարենային անվտանգությունը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները: Այս մասին նախարարությունում տեղի ունեցած այս տարվա անդրանիկ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' անդրադառնալով 2015թ. նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին:

 

«Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են, և համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք ոլորտում գրանցել բարձր կատարողական արդյունքներ, հատկապես' հաշվի առնելով չիրացված ներուժը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է նախարարը:

 

Ինչպես տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:

 

Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին: Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց ոլորտների ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները' բացառելով թերացումները: