Թուրքական «Իզմիրի առերեսման ատելիե» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հրանտ Դինքի սպանության 8-ր տարելիցների կապակցությամբ «Հարյուրամյա արադարության որոնում» թեմայով խորհրդաժողով է կազմակերպել, որին մասնակցել են մեծ թվով համալսարականներ, լրագրողներ եւ թուրքական հասարակության այլ ներկայացուցիչներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, միջոցառմանն ունեցած ելույթում Ստամբուլի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ֆերհաթ Քենթելը նշել է, որ 21-րդ դարում բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության իրողության մասին, եւ Թուրքիայում հանրության բոլոր հատվածները քննարկում են այդ հարցը: Նա ասել է, որ Թուրքիայում բնակվող հայերը մշտապես ճնշման տակ են գտնվել, եւ դրա բացահայտ օրինակը հանդիսացավ «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանության իրողության մասին բարձրաձայնեց թուրքական մամուլում:

 

Թուրք պրոֆեսորը նշել է, որ Թուրքիայում մշտապես երկակի չափանիշներ են կիրառվել քաղաքացիների հանդեպ: Նա հիշեցրել է Թուրքիայի Հանրապետության ստեղծված օրվանից գործող հետեւյալ թեզը. «Եթե Թուրքիայի քաղաքացի ես, պետք է ծառայես բանակում, բայց եթե հայ ես, չես կարող սպա լինել»:

 

Նշելով, որ Թուրքիայում արդարության զգացումը կորսված է' Ֆերհաթ Քենթելը հայտարարել է. «Հայկական հարցը Թուրքիայում հիմնարար արդարության հարց է»:

 

«Էգեյան համալսարանի» փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Զեռին Քուրթօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական հիմքերին: Նա ասել է, որ Օսմանյան կայսրության եւ ազգային պետական հիմքով Թուրքիայի Հանրապետության ստեղծման ժամանակաշրջաններում հայերի ցեղասպանության համար հող է նախապատրաստվել «թուրքերի մահմեդական ինքնությանը քաղաքական աստառ տալով կրոնական մոտեցումներով»:

 

Քուրթօղլուն հիշեցրել է, որ իսլամի իրավագիտական ավանդույթում, հատկապես Օմեր մարգարեի ժամակաշարջանում, ոչ մահմեդականները երկրորդ պլան էին մղվել, եւ երկրում ամեն ինչում գերակայությունը տրվում էր մահմեդական թուրքերին: «Եթե ցանկանում ենք լուծել հայկական հարցը, ապա պետք է իրական առերեսում լինի անցյալի հետ: Առանց այդ իրականության հետ առերեսման եւ խնդրի միասին քննարկման, դա անել հնարավոր չէ», -նշել է նա: