Թուրքական մամուլն անդրադարձել է Դարդանելի մարտերի 100-ամյակի կապակցությամբ պետականորեն նշվելիք միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիայի Նախագահի հրավերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական իշխանամետ մամուլը չի ներկայացրել ՀՀ Նախագահի նամակի ամբողջական տեքսը, այլ միայն ՀՀ Նախագահի այն խոսքերը, որ հայերի մոտ ընդունված չէ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու, հյուրընկալվել հրավիրողին: Որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ ՀՀ Նախագահը հատուկ շեշտել է, որ Թուրքիայի կողմից Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի օրը ապրիլի 24-ին նշելը դիտավորյալ է ընտրված, որի նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից միջազգային հանրությա ն ուշադրությունը շեղելն է:

 

Թեմային անդրադարձած մեծ թվով թուրքական ԶԼՄ-ներից ՀՀ Նախագահի պատասխան նամակի ամբողջական տեքստը ներկայացրել են T24, HaberTurk լրատավական կայքերը: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ, ամենայն հավականությամբ' ոչ պատահաբար, աղավաղել են ՀՀ Նախագահի' «Հարգելի նախագահ» դիմելաձեը' թուրքերեն տարբերակում այն դարձնելով «Սիրելի նախագահ»:

 

Թուրքական ԶԼՄ-ների' թեմային վերաբերմունքը կարելի է ենթադրել նրանց ներկայացրած վերնագրերից' «Սարգսյանի կոշտ պատասխանը Էրդողանին», «Հայաստանի պատասխանը. առաջինը թող նա գա», «Առանց պատասխան ստանալու, հյուր չեն գնում», «Կտրուկ պատասխան Էրդողանին Սարգսյանից» եւ այլն:

 

ՀՀ Նախագահի' Էրդողանին հղած պատասխան նամակին անդրադարձել է նաեւ BBC-ին: «ՀՀ նախագահը Գալիպոլի չի գնա» վերտառությամբ հոդվածում ասվում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու մասին իր թուրք գործընկերոջ' Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, առաջարկելով նախ 1915 թվականի հայերի կոտորածը ճանաչել Ցեղասպանություն»: BBC-ին անդրադարձել է ՀՀ Նախագահի պատասխանի ամբողջ բովանդակությանը:

 

Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտը սկսվել է 1915 թվականի մարտի 18-ին: Գալիպոլիում ավստրալական եւ նորզելանդական զորամիավորումներն ափ են իջեցվել 1915 թվականի ապրիլի 25-ին:

 

Գալիպոլիի գործողությունները համարվում են Առաջին աշխարհամարտի խոշորագույն մարտերից մեկը, որը տեղի ունեցավ այն ժամանակվա Բրիտանիայի ծովուժերի նախարար Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ' նպատակ հետապնդելով գրավել Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցները եւ Կոնստանդնուպոլիսը, որպեսզի ճանապարհ բացվի դեպի դաշնակից Ռուսաստան եւ Օսմանյան կայսրությանը պարտադրել խաղաղության: Այդ գործողությունները տեւել են մինչեւ 1916 թվականի հունվար եւ ավարտվել Անտանտի պարտությամբ: