«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակարանների սեփականատերերի համար նախատեսված 3 շենքերը հանձնվել են շահագործման, իսկ մյուս շենքերի կառուցումը շարունակվում է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, «Զվարթնոցի» բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով 2014 թվականին կատարվել է շուրջ 2 մլրդ դրամի աշխատանք:

 

2014 թվականին շարունակվել են կոմերցիոն օդաչուների պատրաստման աշխտանքները: Հունվարի 15-24-ը ինը օդաչու-ուսանողների համար կազմակերպվել են վերգետնյա պարապմունքներ, որոնց ավարտից հետո սկսվել են ուսումնավարժանքային թռիչքները: Առ այսօր իրականացվել է 548 թռիչքային ժամ պրակտիկա: Օդաչու-ուսանողներից 5-ը ավարտել են թռիչքային պրակտիկան, այնուհետև հունիսի 11-ին Գլխավոր վարչության կողմից նրանց տրամադրվել է կոմերցիոն օդաչուի (CPL) վկայականներ և հունիսի 26-ին նրանք ստացել են ավարտական դիպլոմներ:

 

Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրման նպատակով 2014 թվականի մարտին «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին տրամադրվել են Օդային երթևեկության կազմակերպում, Աերոնավիգացիոն կապ և դիտարկում, Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնելու թույլտվություն : 2014 թվականի հունիսին «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրվել է Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն:

 

Նախորդ տարի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավարտել է Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «Air Operations» կանոնակարգի տեղայնացման և կիրառման գործընթացը, և համաձայն Գլխավոր վարչության պետի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 227-Ա հրամանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ուժի մեջ է մտել «ԱՐՄ-Էյր Օպերեյշն» կանոնակարգը: