Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում հունվարի 18-ին տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը, հանդիպման օրակարգում Գյումրիում առաջացած լարվածության թուլացման, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու գործողություններին ուղղված հարցերն էին:

 

Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

 

Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ: